Tuesday, October 6, 2015

Քոքոբելյանը փորձում է մի հետույքով երկու աթոռի նստել


ԱԺ-ում տեղի ունեցած Սահմանադրական Բարեփոխումների վերաբերյալ քվեարկությանը ամենաանհասկանալի կեցվածքը թերևս Ազատ Դեմոկրատներին էր։ Մինչ այդ, կուսակցությունը մի աշխարհ թուքումուր կերավ այսպես կոչված արմատական ընդդիմությունից՝ Նախագահականում Սահմանադրական բարեփոխումների կոնսուլտացիաներին մասնակցելու համար։ Երեկ էլ Քոքոբելյանը գրանցվում է քվեարկությանը ու չի քվեարկում, իսկ հետո հայտարարում է, որ իրենք բարեփոխումներին ինչպես առաջ, այնպես էլ հիմա դեմ են, որովհետև թեև նրանց առաջարկներից ոմանք ընդունվել են, բայց մի շարք առաջարկներ էլ չեն ընդունվել, որոնք սկզբունքային նշանակություն ունեն, բայց քննարկումներին մասնակցությունը դրական են գնահատում։


Դժվար է հստակ գնահատական տալն այս կեցվածքին, քանի որ իհարկե ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է դեմ կամ կողմ լինել բարեփոխումներին և գործել ըստ այդմ, բայց կա քաղաքական ռեալիզմ ու պրագմատիզմ ասվածը, որն ի թիվս այլ բաների ենթադրում է, որ եթե մտնում ես քննարկումների մեջ, որտեղ բազմաթիվ այլ ուժեր են ներգրավված, որոնք կարող են քո հետ տրամագծորեն այլ դիրքորոշում ունենալ և դու էլ հանդիսանում ես այդ քննարկումների մեղմ ասած ոչ ամենաուժեղ, ոչ էլ ամենաներկայացուցչական մասնակիցը, ապա դժվար է ակնկալել, որ քո բոլոր առաջարկներն ընդունվելու են։ Այսինքն՝ կա երկու այլընտրանք․ պատրաստ լինել կոմպրոմիսի գնալ, կամ էլ բոյկոտել այդ քննարկումները։ Այս համատեքստում անհասկանալի է կեցվածքը, երբ ասում ես, որ մեկ է դեմ ենք, բայց մասնակցում ենք քննարկումներին։

Ընդհանրապես, տպավորություն է, որ այս պրոցեսներում Ազատ դեմոկրատները փորձում են դիվիդենտներ քաղել միանգամից մի քանի դաշտում։ Մի կողմից, չեն ուզում կորցնեն արմատական ընդդիմության դաշտում իրենց քիչ թե շատ ներկայացուցչականությունը, որ վաղը կարողանան ասեն, որ իրենք էլ են եղել այն սակավաթիվ ուժերից, ովքեր դեմ են եղել։ Մյուս կողմից, չեն ուզում վերջնականապես փչացնել հարաբերությունները իշխանությունների հետ ու հուշում են, որ իրենց պատրաստ են ֆորմալ համագործակցության տարբեր հարցերում և չեն զբաղեցնում խիստ անհանդուրժողական դիրքորոշում։ Ռուսական հայտնի ասացվածք կա, որն ասում է, որ չի կարելի մի հետույքով միանգամից երկու աթոռի նստել, իսկ սա կարծես թե հենց այդ դեպքերից է։ Հայաստանում պարզապես չի կարելի հա՛մ անզիջում ընդդիմադիր լինել, հա՛մ էլ սիլիվիլիներ անել, ինչպես չի կարելի միաժամանակ լինել ՀԱԿ-ում ու Ժառանգությունում։

Ընդհանրապես, մի հետույքով երկու աթոռին նստելը կարծես թե Ազատ Դեմոկրատների ու անձամբ Խաչատուր Քոքոբելյանի գերակա դոկտրինն է դառնում։ Նույն վարքագիծն էլ ի դեպ Բաղրամյանում էին դրսևորում Ազատ Դեմոկրատները։ Եթե հիշում եք, ժողովրդի տրոհումից հետո, Բաղրամյանում մնացածների առջև տրիբունից ամենաակտիվը ելույթ էին ունենում հենց Ազատ Դեմոկրատների երիտթևի ներկայացուցիչները։ Նույն ինքը՝ Քոքոբելյանը, շատ ակտիվորեն մասնակցում էր այդ իրադարձություններին՝ գտնվելով բաժանարար գծում։ Այնպիսի տպավորություն էր, թե էլեկտրաէներգիայի սակագի թանկացման դեմ նման ջանասիրությամբ հանդես եկող Քոքոբելյանն ու իր կողմնակիցները ի սպառ մոռացել են, որ նույն Քոքոբելյանը հանդիսանում է Հայաստանի միկրո-օլիգարխներից մեկը և մի քանի փոքր ՀԷԿ-երի սեփականատեր է, ով երաշխավորված գերշահույթ է ունենալու այս թանկացումից, քանի որ ըստ օրենքի ՀԷՑ-ը պարտավոր է գնել փոքր ՀԷԿ-երի արտադրած ողջ էլեկտրաէներգիան․․․

Ինչպես տեսնում ենք, գործ ունենք դասական երկերեսանիության ու երեսպաշտության հետ, որը կարծես թե կուսակցական քաղաքականության հիմք է հանդիսանում։ Հաշվի առնելով սա, կարելի է ասել, որ սա կարող է դառնալ Ազատտ Դեմոկրատների կարապի երգը քաղաքական դաշտում։ Առաջինը սրանից տուժել է Ժառանգությունը՝ իր շալակի վրա ԱԺ մտցնելով երկակի խաղերի սիրահար Քոքոբելյանին ու Արզումանյանին, հիմա էլ նույն կերպ տուժեցին նաև իշխանությունները, բայց մեծ հաշվով, Ազատ Դեմոկրատների սաբոտաժի ոչ մի նշանակություն չունի ընդհանուր պրոցեսի վրա։ Ամենամեծ նշանակությունը դա ունենալու է հենց Ազատ Դեմոկրատների վրա, որովհետև սրանից հետո նրանց հետ ոչ մի լուրջ քաղաքական ուժ ոչ գլուխ է դնելու, ոչ էլ առավել ևս վստահելու է, որովեհտև հերթական այս խուսանավումից հետո նույնն արմատական ընդդիմությունը միևնույն է Ազատ Դեմոկրատների երեսով է տալու այն, որ իրենք մասնակցել են Նախագահականի հանդիպումներին, իսկ իշխանական դաշտը միշտ մատնացույց է անելու այն, որ թեև իրենց նկատմամբ զիջողականություն արվեց քննարկումների ժամանակ ու կոմպրոմիսի պատրաստակամություն դրսևորվեց իշխանությունների կողմից, իրենց վանեցին մեկնած ձեռքը ու հետևաբար՝ համագործակցության հեռանկարները։

No comments:

Post a Comment