Friday, March 18, 2016

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն հանվելու երբեք

Սիրիայից զորքերը մասնակիորեն դուրս բերելու Պուտինի որոշումից հետո, կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ սա կարող է հարթել տարաձայնություններն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև և այս գործընթացները անգամ կարող են եզրահանգվել պատժամիջոցների չեղարկմամբ։ Այնինչ, բավական է նայել, թե ինչ քաղաքական որոշումներ է կայացրել ԵՄ-ն, որի պատժամիջոցներն ամենացավոտն են Ռուսաստանի համար, որպեսզի հասկանաք, որ ոչ մի նման հեռանկար ակնկալել պետք չէ։

Եթե երկու աշխարհաքաղաքական բևեռներ տարաձայնություններ ունեն ու առճակատման մեջ են, բայց ուզում են հաշտեցման եզրեր գտնել, ապա չեն պահանջում մյուս կողմից ապրիորի անիրականանալի բաներ։ Այդպիսի անիրականանալի բան են ԵՄ ԱԳ նախարարնների կողմից համաձայնեցված 5 սկզբունքները՝ ԵՄ-ի քաղաքականության հարցում։ Օրինակ՝ սկզբունքներից մեկը ենթադրում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինայում Մինսկի խմբի համաձայնությունները լիակատար իրականացնի։ Սա ի սկզբանե անհեթեթ պահանջ է, քանի որ Մինսկի խմբում ու դրա աշխատանքների արդյունքում ընդունված փաստաթղթում Ռուսաստանը չի ունեցել ու հիմա էլ չունի հակամարտող կողմի կարգավիճակ, չի ստանձնել ոչ մի պարտավորություն, որը լիակատար իրականացներ, կամ էլ չիրականացներ ու հանդես է գալիս, որպես միջնորդ պետություն։

ՄԽ ընդունած փաստաթղթում հակամարտող կողմեր են Ուկրաինան և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ Հետևաբար, պարտավորություններ ունեն ստանձնած միայն Ուկրաինան ու ինքնահռչակ հանրապետությունները, իսկ բանակցային գործընթացը գնալով հիշեցնում է Հայ-Ադրբեջանական հակամարտությունը, երբ ստեղծվել է պատային մի իրավիճակ, երբ կողմերից ոչ մեկը չի ուզում գնալ զիջումների, բայց միևնույն ժամանակ, կողմերից և ոչ մեկը չունի բավարար ուժային պոտենցիալ՝ զիջումներն ուժող պարտադրելու համար։

Ստացվում է, որ Ռուսաստանից պահնաջում են անհնարինը, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի էլ պատրաստվում պատժամիջոցներ հանել ու վերականգնել հարաբերությունների և փոխգործակցության այն մակարդակը, որն առկա էր մինչ Ուկրաինական իրադարձությունները, կամ էլ գոնե դրան մոտ մի բան։

No comments:

Post a Comment