Tuesday, March 29, 2016

ՀՀԿ-ի դպրոցին ոչ թե ծաղրել է պետք, այլ սարսափել դրանից

Երեկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի բացման մասին լուրը։ Շատերը քննդադատում են այս նախաձեռնությունը, էլ ավելի շատերը ծաղրում են այն՝ զուգահեռներ անցկացնելով խորհրդային պարտշկոլաների հետ, իսկ ՀՀԿ-ականները ագրեսիվ հակադարձում են։ Մինչդեռ, պետք է միայն սարսափել այս նորությունից, որովհետև սա լուրջ քայլ է ՀՀԿ-ի կողմից հավերժանալու համար գործող քաղաքական համակարգում։

Մեծ հաշվով, բովանդակային ոչ մի լուրջ փոփոխություններ չեն լինի, ՀՀԿ կադրերի որակը ոչ ավելի կլավանա մեծ հաշվով, ոչ էլ ավելի կվատանա։ Խնդիրը նրանում է, որ այն, ինչ կա, կսկսի աշխատել անխափան արտադրական հոսքագծի պես և այն կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ գործում է առկա քաղաքական հասարակական համակարգը։

Այս պրոյեկտը կայացնելու համար, գուցե դիմեն կոսմետիկ ինչ որ բարենորոգումների։ Ասենք կարող են ուսխորհուրդներից «սաքուլիկներին» հանել, որովհետև ըստ էության, մինչև հիմա ՀՀԿ-ի պարտշկոլայի դերակատարությունը խաղում էին հենց ուսխորհուրդները ու երբ արդեն օֆիցիալ պարտշկոլա գործի, ուսխորհուրդների դերակատարությունը ՀՀԿ-ի համար կնվազի։

Խորհրդային պարտշկոլայի հետ զուգահեռներն արդարացի են ու հիմնավոր ու հենց այդ զուգահեռների համատեքստում էլ, եկեք հասկանանք, որ պատճառներից մեկը, որ Խորհրդային Միությունը գոյատևեց 7 տասնամյակ՝ նման պարտշկոլաների առկայությունն էր, որը կադրերի դարբնոց էր հանդիսանում իշխող կուսակցության համար ու սերնդափոխություն էր իրականացնում։ Միևնույն ժամանակ, պատճառներից մեկը, ինչը ԽՍՀՄ-ը գոյատևեց ընդհամենը 7 տասնամյակ կայանում է նրանում, որ պարտշկոլայի կադրերի որակը գնալով ընկնում էր ու վերջում դարձել էր կարիերիստ բորենիներ թողարկող հաստատության, ովքեր էլ կործանեցին երկիրը։

Հենց սա էլ սարսափեցնում է ՀՀԿ դպրոցի պարագայում, քանի որ սովետական պարտշկոլային հակառակ, այն միանգամից է կարիերիստ բորենիների հավաքատեղի դառնում, ոչ թե աստիճանաբար դեգրադացիայի արդյունքում վերածվում դրան։

No comments:

Post a Comment