Wednesday, March 9, 2016

Սխալ է համեմատել ու զուգահեռներ անցկացնել Վրաստանի ու Հայաստանի միջև

Հայկական վերլուծաբանները հաճախակի կրկնում են միևնույն սխալը, երբ իրենց տնտեսական ու աշխարհաքաղաքական վերլուծականներում գրեթե ամեն հարցում զուգահեռներ են անցկացնում Հայաստանի ու Վրաստանի միջև և համեմատում այս կամ հարցում այս երկու պետությունների գործողությունները։
Այո, Վրաստանն ու Հայաստանը համադրելի են իրենց տարածքի մակերեսով, բնակչության քանակով ու մի շարք այլ չափորոշիչներով, բայց որքան նման են մեր երկրները, երկու այդքան էլ տարբեր։ Տարբերությունները կրում են ինչպես օբյեկտիվ աշխխարհարգրական ու աշխարհաքաղաքական բնույթ, այնպես էլ լրիվ սուբյեկտիվ առանձնահատկությունների հետ գործ ունենք։
Վրաստանը Հայաստանի հետ համեմատելը՝ հատկապես տնտեսա-քաղաքական հարցերում մեծ սխալ է մի շարք պատճառներով․

- Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը մեկուսացման մեջ գտնվող երկիր չէ, ինչը էապես նվազեցնում է նույն Ռուսաստանի դերակատարությունը։ Ցանկացած հարցում Վրաստանը կարող է խուսանավել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու ԵՄ-ի միջև։

- Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը այս ամենը կարող է անել ոչ միայն դեկլարատիվ ձևով, այլև գործնականում, որովհետև ունի նաև ելք դեպի ծով ու արդեն կառուցված ու գործող ենթակառուցվածքներ։

- Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը արդեն գնացել է առճակատման Ռուսաստանի հետ ու համապատասխան գին է վճարել դրա համար՝ թե՛ տարածքային առումով, թե շուկա կորցնելու առումով։ Թե որքանով է կարողացել Վրաստանը կոմպենսացնել այդ կորուստները՝ Արևմուտքի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հաշվին, դա արդեն առանձին ու բարդ քննարկման թեմա է։ Համենայն դեպս, այդ իրողությունը առկա է։

- Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը ըստ էության ունի Թուրքիան ու Ադրբեջանը, որպես այլընտրանքյաին գործընկերներ՝ Ռուսաստանին։ Մենք չունենք ու չունենք հասկանալի պատճառներով։

- Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում չկա հայաստանյան պետական ապպարատ և ճիշտ հակառակը՝ Հայաստանում չկա վրացական պետական ապպարտ։

Այս ու շատ այլ փոփոխականների պատճառով, բոլոր այն զուգահեռներն ու համեմատությունները, որոնք բերվում են մեր երկրների միջև գրեթե անօգուտ ու փակուղային են։ Փակուղային են անկախ նրանից, թե ինչ է քննարկվում․ Գազպրոմի հետ ավելի արդյունավետ համագործակցության հարցը, թե Արևմուտքի հետ հարաբերությունների հեռանկարները։ Որպեսզի Հայաստանի ու Վրաստանի համեմատականները տեղին լինեն, պետք է վերոնշյալ տարբերությունները չլինեն, հակառակ դեպքում, նույն հաջողությամբ Հայաստանին կարելի է համեմատել օրինակ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, կամ էլ Պապուա Նոր Գվինեայի հետ ու հիանալ, թե ինչ լուրջ և զարգացող պետությունում ենք ապրում։

No comments:

Post a Comment