Thursday, May 26, 2016

Սամվել Բաբայանի հարցազրույցի լուրջ աժիոտաժն ու անլուրջ բովանդակությունը

Առավոտվանից կայքերը, իրար հերթ չտալով, Սամվել Բաբայանի հարցազրույցն են տալիս՝ պաթետիկ վերնագրերով։ Սիրողական մակարդակով քաղաքագիտությանն ու ռազմագիտական գիտելիքներին տիրպետող մեկի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դարակազմիկ ինչ-որ մտքեր են ասվել ու համապարփակ լուծումներ են առաջարկվել այդ տեքստում։ Մինչդեռ, ի՞նչ ենք տեսնում մենք՝ ուսումնասիրելով ներկայացված տեքստի բովանդակությունը։ Մեծ հաշվով՝ ոչինչ։
Ինչ-որ բաներ իհարկե կան։ Օրինակ՝ հայտնի քաղաքական ուղղվածությամբ կայքի ներկայացուցիչը, ում ինքնությունը կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, ջանք ու եռանդ չի խանյում, որ հարցերն այնպես ձևակերպի, որպեսզի Բաբայանի խոսքը ստացվի ընդդիմադիր տրիբունի հռետորի ճառ, դե իսկ Բաբայանն էլ, բնավ չհանդիսանալով միամիտ խոխա, հմտորեն խուսանավում է ու երկար խոսելով, բայց ըստ էության, ոչինչ չի ասում։
Բաբայանը ի սկզբանե ամրագրեց, որ նեղացած կեցվածք չի ընդունելու, ու «դավաճանված հերոսի» դերը ստանձնելու մասին ամպագոռգոռ բաներ չի ասելու։ Սա, ի՞նչ խոսք, ծանր հարված էր «յոթօրականի» համար, բայց նա չհանձնվեց միանգամից։ Սակայն, Բաբայան դու Բաբայան, միևնույն է հայտարարված ընթացքին հավատարիմ մնաց ու դեռ մի բան էլ ավել՝ հայատարարեց, որ ընդհանրապես թշնամիներ չունի քաղաքական դաշտում, կուսակցությունների հարել չի պատրաստվում, իսկ մեղադրելիս էլ՝ մեղադրում է աբստրակտ վերնախավին։ Ընդ որում, որպեսզի անգամ այդ մեղադրանքը հստակություն չունենա, ասում է, որ վերնախավի սխալը գալիս է դեռ 1994 թվականից։ Այլ կերպ ասած՝ դիվանագիտորեն զրկում է երեք նախագահների օրոք եղած էլիտայի թիմերից մեկնումեկի վրա սևեռվելու հնարավորությունից։ Դե ձեռքի հետ էլ ինտրիգ է ստեղծում իր այն հայտարարությամբ, թե ինքը տեսնում է իր համախոհների քաղաքական դաշտում, բայց կրկին ոչ մի անուն, ոչ էլ անգամ հուշում։ Տպավորություն է, որ բաց աճուրդի հայտարարություն էր, ոչ թե քաղաքական դիրքորոշում։
Ինչևէ, այսքան սպասված ու արծարծվող հարցազրույցում ամենազավեշտալի դրվագը կապված էր նրա հետ, որ Սամվել Բաբայանը, ում վաստակը՝ որպես ռազմական գործիչ, թերևս քննարկման ենթակա չէ, այս հարցազրույցում կտրականապես հրաժարվեց խոսել հենց այդ՝ ռազմական թեմայից։ Հասարակության ինչ-որ շերտ շատ հետաքրքրված է Բաբայանի վերադարձով, բայց հետաքրքրված է՝ որպես ռազմական գործիչ Բաբայանով, այլ ոչ թե որպես քաղաքական-հասարակական ֆիգուր և առավել ևս՝ Մեսսիայի դերը ստանձնելու պատրաստ արկածախնդիր Բաբայանով։ Դա լավ հասկանում է Բաբայանը, դա հասկանում են խելացի մարդիկ, բայց համառորեն չեն ուզում հասկանալ պայքարախտով համակված որոշ թիմեր։ 
Արդյունքում՝ այսպիսի վտիտ հարցազրույց ու հերթական կոտրված իղձեր, որոնք էլ այս անգամ կապված են Բաբայանի հետ։

No comments:

Post a Comment