Monday, October 10, 2016

ՀՀԿ-ի զոռբայությունը լեգիտիմացնում է Սասնա Ծռերին, Հայոց Վահանին, ներկայի ու ապագայի բոլոր մյուս ծայրահեղականներին

ՀՀԿ-ն հերթական անգամ թույլ չտվեց, որպեսզի ժողովրդական կամարտահայտումը հաղթի քյարթիզմն ու քաղաքական զոռբայությանը։ Ըստ էության, բնավ էլ անակնկալ չէր ու ողջ հարցը նրանում էր, որ թե Մարուքյանին աջակցություն հայտնած 18 հոգուց քանիսը կպառկի ՀՀԿ-ի տակ։ Ու նույնիսկ էական էլ չէ, թե կոնկրետ ովքեր էին այդ 4 Հուդաները։ Էականն այն է, որ ՀՀԿ-ն հերթական անգամ ապացուցեց, որ ճիշտ են նրանք, ովքեր մեղադրում են ՀՀԿ-ին նրանում, որ անհնար է օրենքով ու արդարությամբ հաղթել ընտրություններում։

Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն Գյումրիում ու հատկապես Վանաձորում տոնեց մարտավարական հաղթանակներ, բայց կրեց ռազմավարական պարտություն, որովհետև լեգիտիմացրեց ընդդիմության ռադիկալ հոսանքներին ու ցեխը մտցրեց ցիվիլ, կամ էլ, եթե կուզեք, ինստիտուցիոնալ համակարգային ընդդիմությանը։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու էր պետք այս զոռբայությունը, ինչ բացարձակ առաջնահերթություն ունի Վանաձորի քղաքապետի կուսակցական պատկանելությունը։ Մի՞թե նախորդ քաղաքապետը կրկին հանրապետական չէր։ Բայց դա չէր խանգարում, որպեսզի իշխանությունները մշտապես պարտություններ կրեին ընտրություններում։

Հետևաբար, սա իրոք պարզապես լոկալ հաղթանակ էր՝ ՀՀԿ-ի համար ու այդ հաղթանակի արգասիքները դեռ մեծ հարց է, թե ինչպիսին են լինելու։ Կրկնում եմ, չգիտեմ, թե կոնկրետ ինչ առավելություն է տալիս ՀՀԿ-ական քաղաքապետ ունենալու փաստը, բայց վաղը, երբ հերթական զինված խումբը ծագի ու էլի կրկնի Սասնա Ծռերի թեզերը, ապա այս անգամ նրանց համակրողների թիվը էլ ավելի շատ է լինելու։ Իսկ դա արդեն համապետական մասշտաբի ռիսկ է։ Մի ռիսկ, որից կարելի էր խուսափել՝ պարզապես հրաժարվելով զոռբայություն անելու կուլտուրայից։ Չեմ էլ ասում ամբողջապես, այլ գոնե լոկալ մասշտաբով, բայց պետք էր զերծ մնալ նման քայլից։

Մամիկոն Ասլանյանին էլ շնորհավորել չեմ կարող, քանի որ անկախ նրա անձնական մեղավորության չափից, պիտակավորվելու է հենց նա ու երբեք նա չի կարողանալ ազատվել զոռբայությամբ քաղաքապետի պաշտոնը կորզածի պիտակից։

No comments:

Post a Comment