Thursday, February 23, 2017

ՀԱԿ-ը քաղաքական քարոզչությունը շփոթել է պոռնոգրաֆիայի հետ

video
Հայկական քաղաքական ուժերը երբեք էլ չեն փայլել քաղաքական քարոզչական տեխնոլոգիաների փայլուն իմացությամբ ու հմուտ կիրառմամբ, բայց անգամ այս գաղջ մակարդակում երբեմն հանդիպում են քարոզչական «գոհարներ», որոնք եզակի են իրենց տխմարության և կատարման առումով։ Այդպիսի մի գոհեար էլ Կոնգրեսսն է շռայլել մեզ՝ ի դեմս Մարտի 1-ի հերթական տարելիցի առնչությամբ պլանավորվող իրենց միջոցառման քարոզչական հոլովակով։

Եթե հակիրճ ներկայացնենք հոդվածի բովանդակությունը, ապա ոստիկանության հատուկ նշանակայինի հանդերձանքով դիմակավորված անձտը հետապնդում է մի խրոխտ երիտհակականի, ընդ որում դա անում է զինված։ Այս ամենը զուգակցված է տագնապալից երաժշտությամբ, իսկ իրադարձությունները բացառապես սլոու-մոշըն են նկարված։ Ինչ-որ մի պահի, երիտհակականը հայտնվում է փակուղում ու զգալով, որ ՀԱԿմեջ վիճակ է, աչքերը փակում է ու պատրաստվում է, որ հեսա կգնդակահարվի (այդպես էլ չենք իմանում, թե կոնկրետ ինչու էր ոստիկանն ուզում գյուլլել երիտհակականին), բայց այդ պահին, չգիտես որտեղից, հայտնվում են խիստ խրոխտ դեմքերով ու աչքերի մեջ գյուլվելու պատրաստակամության խելագար փայլով մի շարք կասկածելի ինդիվիդներ, որոնց ներկայությունը ամաչեցնում է զինված ոստիկանին (ով, ի դեպ, մինչև նրանց հայտնվելը կարող էր 15 անգամ գյուլլել իր զոհին) ու նա ճողոպրում է։ Դե ՀԱԿ-ն էլ փայլուն հաղթանակ է տանում․․․

Տղե՛րք, իմա՞ստը․․․ Ասենք ես ամեն ինչ հասկանում եմ ու միայն մոլի երիտհանրապետականը կպնդեր, որ Մարտի 1-ին ոչ մի անհարկի բռնություն չի եղել, բայց էդ ո՞ւմ են զենքով լարել ու գյուլլել։ Տփել՝ հարց չկա։ Անաստվածավարի տփել՝ էլի եղել է։ Բայց որ սե՞նց։ Յաններդ տարե՞լ ա։ Առավել ևս, որ Մարտի 1-ին հետևած բոլոր 8 մարտի 1-երի միջոցառումներին անգամ մոտավոր չի եղել բռնության պոռթկում։ Իմաստը ո՞րն է Ձեր հերթական, արդեն սովորական դարձած հավաքը նման դրամատիկ շղարշով պատելու ու ինչ-որ մանիակալ հակումներով ոստիկանի կերպար կերտելու մեջ։

Զավեշտալին այն է, որ սա անում է ՀԱԿ-ը, որի ջահելները վերջին մի 4-5 տարում սկի պռոբլեմ էլ չեն ունեցել ոստիկանության հետ, քանի որ խասյաթի համաձայն ՀԱԿմեջ անելով իրենց հարաբերությունները այլ քաղաքական ուժերի հետ, առանձնապես ակտիվ չի էլ մասնակցել այն ակցիաներին, որոնց ժամանակ եղել են բախումներ։

Մյուս կողմից, երևի հենց դրա համար էլ անում են էլի։ Չունեն ոչ մի իրական կադր, որտեղ իրենց հալածում ու բռնության են ենթարկու, որոնք գոնե մի 5տարվա վաղեմություն ունենան, դրա համար էլ դրած նման անառողջ պոռնոգրաֆիա են նկարում։ Կինոներ նկարելով չի, տղե՛րք։ Պարզապես պետք է իրար գալ ու ֆեյսբուքում հոգնած ինտելեկտուալների կեցվածքով բրնձելու փոխարեն, մեկ-մեկ մասնակցել իրական կյանքին։

Monday, February 20, 2017

Թոփ 5 ամենաբառադի նախընտրական խոստումները

Նախընտրական կապիկությունը՝ քարոզարշավը, մեկնարկել է, քաղաքական ուժերը, իրար հերթ չտալով, հանդես են գալիս դարակազմիկ ծրագրերով ու նախընտրական խոստումներով։ Իհարկե, այնպես չէ, որ նախորդ ընտրություններին եղել է պոպուլիզմի ու անիրականանալի խոստումների պակաս, և այս առումով սրբեր չկան մեր քաղաքական դաշտում, բայց այս քարոզարշավն առանձնանում է եզակի բառադի խոստումներով։ Ճիշտ է, դեռ ոչ բոլոր ուժերն են ի լուր աշխարհի հայտնել իրենց ծրագրերի մասին, բայց որոշեցի առանձնացնել այս փուլում հնչած ծրագրերից ու հայտարարություններից թոփ 5 ամենաբառադի տարբերակները, որոնք երբեք ու ոչ մի պարագայում չպետք է կյանքի կոչել։ Ընդ որում՝ չեմ էլ ցանկանում ֆիքսվել, թե որ ուժերից են գալիս այդ խոստումները, քանզի ավելի կարևոր է այդ խոստումների մարազմատիկությունը ցույց տալ, ոչ թե դրանց ծննդավայրը։ 1․ 18 տարեկանները չպետք է բանակ գնան

Պատերազմի մեջ գտնվող պետության պարագայում, սա պարզապես ինքնասպանություն է։ Շատ է խոսվում պրոֆեսիոնալ բանակի ու սենտիմենտների մասին, բայց պրոֆեսիոնալ բանակ ունենալը նախ՝ շատ թանկ է, երկրորդը՝ պարզապես անիրատեսական ու անիրականանալի՝ առնվազն առաջիկա կես դարի համար։ Դրա համար մենք չունենք ո՛չ բավարար նյութական ռեսուրսներ, ո՛չ էլ մարդկային ռեզերվներ, որովհետև պետք է հստակ հասկանալ, որ քանի դեռ արցախյան հակամարտությունը հանգուցալուծված չէ, անգամ 60-70000-անոց ռեգուլյար բանակը բավականաչափ մեծ չէ, իսկ նման քանակության պրոֆեսիոնալ զինվոր պահելը եթե անգամ մեր գրպանի գյորա լիներ, դեռ պետք էր այդքան պրոֆեսիոնալ կադր ունենալ։ Էլ չխոսենք այն մասին, որ այս թեզի մեջ մի շատ սկզբունքային արատ կա․ տպավորություն է, թե արժեք ունի միայն 18 տարեկանի կյանքը, իսկ եթե զոհվում է, օրինակ, 30 տարեկան պայմանագրային, դա արդեն խնդիր չէ։ 2․ Հայաստանը նավթ ու գազ ունի Եվս մի հիմար, պոպուլիստական դրույթ։ Այո՛, Հայաստանն ունի նավթի ու գազի պաշարներ, բայց սլանցային։ Անիրազեկ մարդուն դա ոչինչ չի հուշում, բայց եթե տնտղեք Գուգլով, ապա շատ հեշտ կպարզեք, որ սլանցային նավթի ու գազի արդյունահանումն ունի երկու, խիստ մեծ թերություն՝ աղետալի հետևանքներ շրջակա միջավայրի համար և խիստ բարձր ինքնարժեք։ Որպեսզի էլ ավելի առարկայական պատկերացնեք, թե ինչ անհեռանկարային բան է սլանցային նավթի ու գազի արդյունահանումը, ասեմ, որ, օրինակ, ԱՄՆ-ում նման էներգակիրների արդյունահանումը գրեթե դադարեց նավթի գների անկումից հետո, որովհետև սլանցային նավթի մեկ բարելի արդյունահանման ինքնարժեքը հասնում էր մինչև 80 դոլարի, մինչդեռ հիմա նավթի բարելի գինը գտնվում է 60 դոլարի սահմաններում, իսկ, օրինակ, Սաուդյան Արաբիան իր նավթն արդյունահանում է բարելը՝ 4 դոլար ինքնարժեքով։ Էլ ավելի պարզեցնելով միտքը՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի համար ավելի էժան է նավթ ներկրելը, քան արդյունահանելը, ընդ որում՝ ներկրումը չի վնասում մեր էկոլոգիային։ 3․ Արագաչափերի ու տեսախցիկների վերացում Շատ լավ կենաց է։ Այս տրամաբանությամբ կարելի էր ընդհանրապես լուծարել ճանապարհային երթևեկության կանոնները և ոստիկանության պետավտոտեսչությունը։ Տպավորություն է, որ հայ վարորդներն աշխարհի ամենակարգապահն են, բայց այս չարաբաստիկ արագաչափերն ու տեսախցիկները դրեցին զուտ հալածելու համար։ Արագաչափերի ու տեսախցիկների հետ կապված իրական ու ռացիոնալ դժգոհությունը պայմանավորված էր այն փաստով, որ տուգանքներից առաջացած միջոցները գնում էին մասնավոր սեփականատիրոջը, բայց այդ խնդիրն էլ չկա, քանի որ ոլորտը պետականացվեց, ու հիմա այդ միջոցներն ուղղվում են բյուջե։ Կարելի է, իհարկե, քննարկել քաղաքում տեսախցիկների նվազեցման հարցը կամ էլ որոշակի խախտումների մասով զիջողականություն դրսևորել, քանզի երևանյան ճանապարհային ենթակառուցվածքը նախատեսված չէ այս քանակությամբ ավտոտրանսպորտ սպասարկելու համար, բայց հրաժարվել տեսախցիկներից ու առավել ևս՝ արագաչափերից ոչ միայն տնտեսապես արդարացված չէ, այլև տրանսպորտային ապոկալիպսիս հրահրելու լավագույն բանաձևն է։ 4․ Բուհերում վարձի պատճառով հեռացումների բացառում Երևի պետք է գոհ լինենք, որ չեն խոստացել, որ բուհում սովորելու վարձավճարներն առհասարակ կվերացնեն, բայց անգամ այս տարբերակը խնդրահարույց է։ Նախ՝ բարդ է հասկանալ, թե ինչպես են որոշելու բարձր առաջադիմության այն սանդղակը, ըստ որի՝ անգամ վարձը չվճարելու պարագայում ուսանողին չեն հեռացնելու բուհից, երկրորդը՝ հերթական անգամ հագուրդ ենք տալիս հայկական ամենատարածված ֆետիշին՝ դիպլոմացավին։ Զուտ տեսական հավանականություն քննարկելիս, չե՞ք կարծում, որ ավելի նպատակահարմար է կոռուպցիայի դեմ պայքարելը բուհերում, որպեսզի անվճար համակարգում անարժաններ չհայտնվեն։ Երրորդը՝ արդյո՞ք բուհում անվճար սովորելը հիմնական խնդիրն է երիտասարդության համար։ Ենթադրենք՝ մարդն անվճար սովորեց ու ավարտեց․․․ Ո՞ւմ է պետք իր կարմիր կամ կապույտ դիպլոմը, եթե մեր աշխատանքային շուկան առանց այն էլ չի կարողանում ապահովել բավարար թվով առաջարկ այդքան մասնագետի համար։ Սակայն, ինչպես հասկանում ենք, սա պարզապես մի կետ է՝ դիպլոմապաշտներին գրավելու համար, դրանից ոչ ավել։ 5․ Փոքր ու միջին բիզնեսի՝ հարկերից ազատում Այս խոստումը իսկական մղձավանջ կլիներ, եթե կյանքի կոչվեր, բայց, բարեբախտաբար, հասկանում ենք, որ սա պարզապես բաժակաճառ է։ Հասկանում եմ, որ միջին վիճակագրական հայաստանցին արդար երկիրը պատկերացնում է հենց այդպես՝ որ ինքը ոչինչ չվճարի ու միայն ստանա, բայց փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատելը նշանակում է կես տարում վարի տալ երկրի տնտեսությունը։ Կարելի էր առաջարկել ավելի ողջամիտ ու ճկուն հարկային օրենսդրություն մշակել, չէ՞։ Կարելի էր հարկերի պրոգրեսիվ սանդղակ կիրառել ու էլի այլ բաներ, բայց չէ, բերեք միանգամից ասենք, որ էլ հարկեր չեք մուծելու։ Մեկ է, երբեք նման քայլի չենք գնա, փոխարենը՝ ժողովուրդը կհավանի։ Հարկերից ազատել չի՛ կարելի անգամ փոքր բիզնեսին, որովհետև առաջին բանը, որ կլինի, ստագնացիան է։ Մարդիկ պարզապես չեն ցանկանա խոշորացնել իրենց բիզնեսը, այլ կգերադասեն մի քանի հատ մանր բիզնես պահել՝ ֆիկտիվ անձերի կամ էլ այլ ոլորտներում բիզնես ծավալելու միջոցով։ Սակայն, ինչպես նշվեց, սա լոկ կենաց էր, այլ ոչ ծրագրային դրույթ։

Thursday, February 16, 2017

Աղվան Վարդանյանը չի՞ վախենում, որ իրեն ասեն «շան տղեն ինքդ ես»

Картинки по запросу Աղվան ՎարդանյանԴաշնակները լրիվ են ցնդել։ Նախընտրական քարոզարշավ վարելու նոր մեթոդ են մոգոնել տղերքը՝ քֆուր են դնում։ Ամենայն լրջությամբ։ Պարզվում է, որ ըստ հայկական պոլիտիկայի բեղիկավոր այս տիտանի, բոլորիս պապերը դաշնակ են եղել, իսկ հիմա շատերը գնում են շան տղերքի են ձեն տալիս, իսկ լրագրողի պարզաբանով հարցին, թե կոնկրետ ում ի նկատի ուներ «շան տղերք» ասվածի ներքո, պատասխանել է, որ բոլորին՝ բացի Դաշնակցությունից։

Մի քիչ գործ տվողի կարգավիճակ որդեգրեմ, բայց ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են վերաբերվում նման պրետենցիոզ հայտարարությանը ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում, Ժառանգությունում, անգամ ՕԵԿ-ում․․․ մի խոսքով՝ բոլոր այն կուսակցություններում, որոնք ՀՅԴ չեն։ Թե՞ սա նոր քաղաքական կուլտուրա է, որը սովորական է դառնալու։

Ինքս չեմ հանդիսանում որևէ կուսակցության անդամ, ու դատելով այս ընտրություններին գնացող կոնտինգենտի որակից՝ ամենայն հավանականությամբ չեմ էլ մասնակցի քվեարկությանը, բայց ինձ հուներից հանում է մեր որոշ քաղաքական գործիչների անբռնազբոս կեցվածքը։ Անբռնազբոսը ո՞րն է՝ լկտի նիստուկացը։

Նախ, դաշնակցականները լավ կանեն հասցնեն իրենց բեղիկավոր տիտանին, որ ոչ բոլորիս պապերն են եղել դաշնակցական։ Եղել են նաև այլ կուսակցականներ (հնչակներ ու բոլշևիկներ), իսկ բացարձակ մեծամասնությունը եղել է անկուսակցական ու ապոլիտիկ։ Հիմա ի՞նչ, Աղվան Վարդանյանի ասածից ի՞նչ եզրակացնենք․ որ նրանք մարդահաշիվ չե՞ն, թե՞ հայ չեն։

Հետո էլ, լավ հիշելով Ռոստոմյանի հայտնի ելույթը, որում մյուս խրոխտ դաշնակ ընկերը «աբառոտկա» անելով իրենց նեղացրած մեկ այլ գործչի, անվանեց նրան «չաթլախ», ուզում եմ հասկանալ, թե ինչպես կվերաբերվեն դաշնակցությունում, եթե այլ կուսակցության ներկայացուցիչ վեր կենա ու ասի․ «Վարդանյա՛ն, շան տղեն ինքդ ես»։ Առարկություններ կլինե՞ն դաշնակների կողմից, թե՞ կսկսեն «ատչյոտ» տալ ու հիմնավորել, թե ինչու են բոլորը շան տղա, բացի իրենցից։

Tuesday, February 14, 2017

Անհամեստ հարց․ Բուլկի Արամին այդքան փող որտեղի՞ց

Անհնար է հավատալ մեր քաղաքական համակարգի փոփոխվելու ձգտմանը, անգամ եթե փորձում ես դա անել բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով։ Անհնար է, որովհետև երբ մի կերպ տրամադրում ես ու դնում ես վարդագույն ակնոցները, միանգամից հայտնվում է ինչ-որ կարկառուն իշխանավոր, որ փշուր-փշուր է անում քո բոլոր ակնկալիքները։

Վառ օրինակ՝ Բուլկի Արամը։ Առավոտյան մամուլն եմ թերթում ու հերթական հոդվածն է այն մասին, որ Բուլկուն պատկանող ընկերությունը վարձակալությամբ տարածք է տալիս տալիս նորաստեղծ Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությանը փոքր կենտրոնում գտնվող ու Բուլկուն պատկանող շենքում։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ միայն այդ վարձակալության դիմաց պետությունից Բուլկին ստանում է տասնյակ միլիոն դրամ կազմող եկամուտներ։ Մի կողմ դնենք այն փաստը, որ դեռ պարզել է պետք, թե այդ ինչպես է ստացվել, որ հենց Բուլկին է արժանացել նման հարմար պայմանագրի։

Ինձ առավել շատ հետաքրքրեց մեկ այլ դրույթ նույն հոդվածից։ Ասում է՝ Բուլկին Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ շենքը ձեռք է բերել իր՝ քաղշին նախարար եղած ժամանակ։ Տրամաբանական հարց է ծագում, թե այդ ի՜նչ լավ աշխատավարձ է ստանալիս եղել Բուլկին, որ ամբողջ շենքեր է ձեռք բերել, այն էլ՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ։ Եթե նրա պապիկը սովետի ստվերային միլիոնատեր Կորեյկոն չէր, հասկանալի է, որ պետծառայող Բուլկին կարող էր նման կապիտալ դիզել միայն օրենք խախտելով։ Ինչպես շատ-շատ իր կոլեգաներ ու կուսակիցներ։ Ու տխուրը նա է, որ մենք այնքան ենք համակերպվել այդ բարձիթողի վիճակի ու թողատվության հետ, որ անգամ չեմ էլ պատրաստվում հնչեցնել պրիմիտիվ հարց․ իսկ ինչո՞ւ նրան չեն փորձում անգամ ստուգել ու առավել ևս՝ պատժել։

Միայն մեկ հարց․ սիրելի իշխանություննե՛ր, ախր ինչպե՞ս հավատանք ձեզ, եթե ամեն առավոտ մեր աչքն են մտցնում հավաքական Բուլկու կերածներն ու գռփածները և դա համեմում են նրանով, որ իմ հայրենի պետությունը վաղուց արդեն համակերպվել է դրա հետ ու սնուցում է հավաքական Բուլկիներին՝ արդեն միանգամայն օրենսդրական հիմունքների վրա։

Monday, February 13, 2017

Օսկանյան-Օհանյան-Հովհաննիսյան դաշինքը դատապարտված է ֆիասկոյի

Картинки по запросу օհանյան օսկանյան րաֆֆիՎերջին օրերին քաղաքական անցուդարձի վերաբերյալ հիմնական քննարկումների առարկան Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և ամենավերջին պահին՝ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին կողմից ստեղծվող դաշինքն է։ Ընդ որում, սա այն դեպքերից չէ, երբ էպատաժն ու սև փիառը նպաստում են տվյալ քաղաքական միավորի ընդհանուր առաջխաղացմանը։ 

Դաշինքը դեռ միայն աբստրակտ է ու մեծ հաշվով բանավոր, բայց կարող ենք փաստել, որ արդեն հիմա այն դատապարտված է ձախողման։ Մի կողմ դնենք քաղաքական նախասիրությունները ու հայացքները և հարցին մոտենանք զուտ քաղաքագիտական-տեղեկատվական տեսանկյունից։ Ու ի՞նչ ենք տեսնում հենց սկզբից․․․ եթե խոսենք մանկաբարձության լեզվով, ապա պտուղի մոտ հղիության վաղ շրջանից նկատվում են բնածին արատներ։ 

Սկսենք հենց կազմավորման խոտաններից։ Դաշինքը դեռ օֆիցիալ չի էլ կազմվել, անգամ անունը չեն որոշել, իսկ դրա պիոներները արդեն շտապում են դուրս գալ հուշագրից։ Սկզբում Արամ Սարգսյան, հետո Դալլաքյան, ըստ ամենայնի՝ շուտով նաև դուրս կգա Հայրիկյանը։ Ու լավ կլիներ, որ խնդիրը սրանով էլ սահմանափակվեր, բայց պրոբլեմը հենց նրանում է, որ ադեկվատ քաղաքացու մոտ հարց է առաջանում․ ախր ի՞նչ գործ կարող են ունենալ միևնույն դաշինքում Արամ Սարգսյան, ՊարՈյր Յայրիկեան, Վարդան Օսկանյան, Վիկտոր Դալլաքյան, Սեյրան Օհանյան ու հիմա էլ արդեն Րաֆֆի Հովհաննիսյան։ Ինչո՞ւ, ի՞նչ անելիք ունեն նրանք միասին, դե առանձին-առանձինն էլ՝ տեսնում ենք, ընդ որում՝ երկա՜ր տարիներ։ 

2012 թվայանի ընտրություններին թվում էր, թե ավելի վատ կազմակերպված քարոզարշավ չի կարող լինել։ Բայց արի ու տես, որ 2017 թվականին բացարձակ բարձիթողի վիճակ է։ Եթե 2012 թվականին մրցակիցները չէին զլանում ու սև փիառ էին կիրառում, սկանդալային բացահայտումներ էին անում միմյանց դեմ, ապա օրինակ ՕհՕհՀո-ի պարագայում բացահայտում անել էլ պետք չէ։ Եթե հենց սկզբից պրոցեսսին ներգրավում են քաղաքական գործիչների, որոնք վաղուց ֆեյսբուքյան մեմերի են վերածվել, եթե նման կերպարների շնորհիվ դաշինքների ներքին խոհանոցը դառնում է հանրային քննարկմանը հասանելի, եթե այդքանից հետո, չեն գտնում ավելի լավ լուծում, քան վաղուց մոլորված Րաֆֆուն գործին լծելն է ու այս ամենի մեջ անգամ անվան հարցում չեն կողմնորոշվում։ Ապա դժվար է պատկերացնում, թե ինչպես են պատկերացնում ընտրությունների արդյունքում անհրաժեշտ 7 տոկոսի շեմի հաղթահարումը։ 

Եթե անգամ այս ամենն էլ մի կողմ դնենք, ապա կրկին անմխիթար պատկերի ենք ականատես լինելու։

Ժամանակին Րաֆֆու հաջողությունը պայմանավորված էր այդ թվում նրանով, որ նրա անցյալը մաքուր էր ու նրան բարդ էր մեղադրել շատ մահացու մեղքերի համար։ Այն պարզ պատճառով, որ բարձր պետպաշտոն շատ կարճ ու վաղուց էր զբաղեցրել, բայց 2012-2013 ֆարսից հետո, Րաֆֆուն հիշատակելիս, լավագույն դեպքում հումորային կոնտեքստում են հիշատակում ու վաղուց արդեն լուրջ չեն ընկալում։ Դե իսկ ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին պոսակցություններն էլ ծնում են նոր չարապնդություններ։ Վերջինը, որ լսեցի լավն էր․ ասում է Օսկանյանն ու Օհանյանը Րաֆֆուն իրենց կողմն են քաշել ինչպես ամերիկացիները՝ հնդկացիներին․․․ մի արկղ վիսկիով։ 

Օսկանյանի ու Օհանյանի դեպքում իրավիճակն ավելի երփներանգ չէ։ Երկուսի գլխին, դամոկլեսյան սրի պես, կախված է Մարտի 1-ի հարցը։ Բացի դրանից, Օհանյանը ցանկացած պահի կարող է դառալ թիրախ՝ Ապրիլին ի հայտ եկած բամաթիվ բացթողումների համար, էլ չխոսենք նրանից, որ չի կարելի բացառել, որ անգամ ոչ իշխանական ճամբարում միշտ էլ կգտնվեն դերակատարներ, ովքեր չեն խորշի կրկին խաղարկել նրա տիկնոջ խաղաթուղթը, որը, մեղմ ասած, շատ հեռու է հաղթաթուղթ լինելուց Օհանյանի համար։ 

Ու վերջապես, անգամ այս ամենի վրա կարելի է վարդագույն ակնոցներով նայել, եթե նոր դաշինքը հանդես գար ինչ-որ լավ ծրագրով։ Սակայն հետևելով նույն Օհանյանի ու Օսկանյանի հրապարակային հայտարարությունների, տեսնում ենք, որ ծրագրի փոխարեն մեզ են հրամցնում կենացներ ու անգամ որպես պոպուլիստական թեզ ընկալվելու համար չափազանց պարզունակ դեկլարացիաներ։ 

Այստեղից հետևություն․ ՕհՕհՀո-ն պառլամենտում կհայտնվի մենակ հրաշքի ու/կամ Սերժ Սարգսյանի քմահաճույքի արդյունքում։ Ոչ մի օբյեկտիվ նախադրյալ չկա, որպեսզի այլ պնդում անենք։