Tuesday, February 14, 2017

Անհամեստ հարց․ Բուլկի Արամին այդքան փող որտեղի՞ց

Անհնար է հավատալ մեր քաղաքական համակարգի փոփոխվելու ձգտմանը, անգամ եթե փորձում ես դա անել բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով։ Անհնար է, որովհետև երբ մի կերպ տրամադրում ես ու դնում ես վարդագույն ակնոցները, միանգամից հայտնվում է ինչ-որ կարկառուն իշխանավոր, որ փշուր-փշուր է անում քո բոլոր ակնկալիքները։

Վառ օրինակ՝ Բուլկի Արամը։ Առավոտյան մամուլն եմ թերթում ու հերթական հոդվածն է այն մասին, որ Բուլկուն պատկանող ընկերությունը վարձակալությամբ տարածք է տալիս տալիս նորաստեղծ Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությանը փոքր կենտրոնում գտնվող ու Բուլկուն պատկանող շենքում։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ միայն այդ վարձակալության դիմաց պետությունից Բուլկին ստանում է տասնյակ միլիոն դրամ կազմող եկամուտներ։ Մի կողմ դնենք այն փաստը, որ դեռ պարզել է պետք, թե այդ ինչպես է ստացվել, որ հենց Բուլկին է արժանացել նման հարմար պայմանագրի։

Ինձ առավել շատ հետաքրքրեց մեկ այլ դրույթ նույն հոդվածից։ Ասում է՝ Բուլկին Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ շենքը ձեռք է բերել իր՝ քաղշին նախարար եղած ժամանակ։ Տրամաբանական հարց է ծագում, թե այդ ի՜նչ լավ աշխատավարձ է ստանալիս եղել Բուլկին, որ ամբողջ շենքեր է ձեռք բերել, այն էլ՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ։ Եթե նրա պապիկը սովետի ստվերային միլիոնատեր Կորեյկոն չէր, հասկանալի է, որ պետծառայող Բուլկին կարող էր նման կապիտալ դիզել միայն օրենք խախտելով։ Ինչպես շատ-շատ իր կոլեգաներ ու կուսակիցներ։ Ու տխուրը նա է, որ մենք այնքան ենք համակերպվել այդ բարձիթողի վիճակի ու թողատվության հետ, որ անգամ չեմ էլ պատրաստվում հնչեցնել պրիմիտիվ հարց․ իսկ ինչո՞ւ նրան չեն փորձում անգամ ստուգել ու առավել ևս՝ պատժել։

Միայն մեկ հարց․ սիրելի իշխանություննե՛ր, ախր ինչպե՞ս հավատանք ձեզ, եթե ամեն առավոտ մեր աչքն են մտցնում հավաքական Բուլկու կերածներն ու գռփածները և դա համեմում են նրանով, որ իմ հայրենի պետությունը վաղուց արդեն համակերպվել է դրա հետ ու սնուցում է հավաքական Բուլկիներին՝ արդեն միանգամայն օրենսդրական հիմունքների վրա։

No comments:

Post a Comment