Wednesday, November 15, 2017
«Դասադուլ» դիվերսիոն գործողությունը տապալվեց․ ձախողումների շղթան շարունակվում է
Այսպիսով՝ կարելի է արդեն արձանագրել, որ տարկետման հարցի շուրջ կազմակերպված «Դասադուլ» հատուկ դիվերսիոն գործողությունը տապալվեց։ Այն տապալված էր արդեն երեկ, երբ ուսանողները դասադուլ հայտարարեցին, ինչից հետո իրադարձությունները սկսեցին էժան կրկես հիշեցնել․ մի քանի ժամ տևած դասադուլից մարդ վատացավ, այսօր Բաղրամյանը փակեցին ուղիղ 15 րոպեով, իսկ հետո ցրվեցին, օրենքն ընդունվեց․․․
Կարծում ենք, որ այս փուլում արդեն բոլորի համար ակնհայտ է, թե ովքեր էին քաղաքական այս կարճ բենեֆիսի իրական բեմադրողները։ Տարակուսանք է առաջացնում թերևս այն, որ անգամ մարդավարի չէին բարեհաճել քողարկել այն բոլոր սպիտակ թելերը, որոնցով այս գործընթացի լեյտմոտիվ դեմքերն ու մոխրագույն կարդինալները կապակցված են իրար․․․
Ինչևէ, առավել հետաքրքիր են ձախողման պատճառները։ Թվում է, թե շատ հարմար թեմա էր ընտրվել, որպեսզի սոցիալական այնպիսի շարժում ձեռնարկվեր, որը կսասաներ Սերժ Սարգսյանի թիմի դիրքերը, բայց այս խաղը ձեռնարկողները լավ չէին հաշվարկել իրենց խաղաքարտերն ու դրույք անելով տարկետման հարցի միայն էմոցիոնալ կողմի վրա՝ մոռացել էին մի շատ կարևոր բան։
Այո՛, բանակին վերաբերող ՑԱՆԿԱՑԱԾ հարց բարձր էմոցիոնալ ֆոն ունի մեր ժողովրդի համար, բայց ամեն հարց չէ, որ միանշանակ ընկալում ունի։ Նույն տարկետման հարցը հենց դրանցից է։ Այո՛, կան մարդիկ, ովքեր առաջին հերթին էմոցիոնալ մտածողություն են ցուցաբերում ու սկսում են բողոքել, դասադուլներ անել, հիասթափված արտագաղթել ու չարանալ, երբ խոսքը գնում է տարկետման մասին։ Դրանք առավելապես այն մարդիկ են, ովքեր տարկետման համակարգի շահառուներն են, նրանց հարազատներն ու, միանշանակ, բոլոր այն մարդիկ, ովքեր պլանավորում են տարկետման միջոցով խուսափել զինվորական ծառայությունից։
Սակայն կա մարդկանց մեկ այլ, ոչ պակաս մեծ խումբ, որը նույնքան էմոցիոնալ մտածողություն է ցուցաբերում ու համարում է, որ անարդար է, որ մեկը ծառայի, իսկ մյուսը, գիտնական խաղալով, խուսափի ծառայությունից, արդարացված չէ համարում, որ հազարավոր տղաներ խրամատներում իրենց կյանքը վտանգեն, մի քանի հարյուր գանգրահեր, մորուքավոր տղաներ ու հիփսթեր աչոնիկներ ազգափրկիչ խաղան ու խոսեն արդարությունից։ Էլ չխոսենք այն մասին, որ շատ պարզ իրողություն կա․ տարկետումը վերացնել առաջարկողներն ունեն երկաթբետոնե արգումենտատիվ բազա ու բացի էմոցիոնալ մանիպուլյատիվ հնարքներից՝ կարողանում են բերել փաստեր, թվեր ու տրամաբանական առաջարկներ, ինչը բացարձակ չի ստացվում տարկետման պահպանման կողմնակիցների մոտ։
Մի խոսքով՝ օպերացիան տապալվեց, ու սա հերթական, բայց ոչ վերջին ձախողումն էր։ Եվ մինչ ոմանք փորձում են սրանում տեսնել սոսկ Վիգեն Սարգսյանի դեմ ուղղված դիվերսիոն գործողություն, իրականում հարվածի գլխավոր հասցեատերը Սերժ Սարգսյանն էր։ Հարվածն էլ, ըստ ամենայնի, վերջինը չէր, բայց եղածները մեծ հավատ չեն ներշնչում, որ հաջորդներն ավելի հաջողակ կլինեն։
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment